Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնին նվիրված մամուլի ասուլիս։ Հուլիսի 4-12-ն անցկացվող մրցույթ-փառատոնն ամփոփել են «Արմենիայի» գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը և աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը, ով հուլիսի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Ըստ Վենգերովի՝ երաժշտական փառատոները մեծաթիվ են, սակայն «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնը յուրահատուկ է. «Փառատոներն աշխարհում շատ են, սակայն մրցույթ -փառատոնը երիտասարդ կատարողների համար առանձնահատուկ դեպք է, և ուրախ եմ փառատոնին իմ մասնակցության համար»: Նրա խոսքով` «Արմենիա» մրցույթ-փառատոնի մասին ինքը շատ երկրներում և աղբյուրներից է լսել, մասնավորապես Ֆրանսիայում և Գերմանիայում, և իր համար ուրախալի է մաս կազմել այդ փառատոնի։
Վենգերովը նշել է, որ իր համար միշտ մեծ պատիվ է ժամանել և ելույթ ունենալ Հայաստանում. «Ուրախալի է շփվել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսին է Սերգեյ Սմբատյանը՝ իմ հիանալի ընկերը։ Նա լի է նոր գաղափարներով։ Այն, ինչ արել է Սերգեյ Սմբատյանը Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ, հրաշք է։ Հիշում եմ, երբ ղեկավարում էի Երիտասարդական նվագախումբը, այն էնտուզիազմը, անկեղծությունը, որ կար ամեն նոտայում, ես տարա ինձ հետ»։
Ի պատասխան լրագրողի հարցին՝ Վենգերովը նշեց նաև, որ պատրաստվում է սովորել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը. «Խաչատրյանի այդ գործը կատարելու առաջին փորձերն արել եմ տարիներ առաջ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն դուրս մնաց ծրագրից: Ամեն ինչ առջևում է, քանի որ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը ջութակի համար նախատեսված լավագույն 10 ստեղծագործությունների շարքում է»:
Ջութակահարը ներկայացրեց նաև հուլիսի 12-ի համերգային ծրագիրը. կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Յոհաննես Բրամսի, Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Ըստ ջութակահարի՝ Բրամսի Ջութակի կոնցերտը ավելի քան 30 անգամ կատարել է: Սակայն դա այնպիսի ստեղծագործություն է, որ յուրաքանչյուր անգամ կատարելիս նոր շերտեր ես բացահայտում:
Ալեքսեյ Շորի ստեղծագործության մասին խոսելիս Վենգերովը նկատեց. «Հիանալի երաժշտություն է, շատ մեղեդային. Կարծում եմ՝ հանդիսատեսին հաճելի կլինի»։
Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն իր հերթին նշեց, որ մրցույթին մասնակցել են 14 երկրների 48 դաշնակահարներ, ինչը առաջին մրցույթի համար շատ մեծ հաղթանակ է. «Ամբողջ աշխարհից այստեղ են գալիս երաժիշտներ` հավատալով, որ ինքնարտահայտման օբյեկտիվ հարթակ կա: Սա անչափ արժեքավոր է»։ Նրա խոսքով` սա երկրում անցկացվող երկրորդ միջազգային մրցույթն է: Առաջինը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն է: «Սա մեր ընդհանուր հաղթանակն է: Մենք կարողացանք Հայաստանում ևս մեկ միջազգային մրցույթ-փառատոն կազմակերպել, որին ազդեցիկ համաշխարհային անուն ունեցող գործընկերներ, արտիստներ են աջակցում»,- ընդգծեց Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ մեծ հաջողություն է, որ մրցույթ-փառատոնին իր մասնակցությունն է բերում Մաքսիմ Վենգերովը։
Սմբատյանը նաև ընդգծեց, որ մրցույթ-փառատոնը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։